Սա ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգը տապալելու փորձ։ Այսպես է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մեկնաբանել կառավարության հրաժարականի հարցով այսօր հրավիրված նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների բացակայությունը։
«ՔՊ-ն, ինչպես և կանխատեսում էինք, շարունակում է իր հակասահմանադրական ընթացքը։ ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ հրավիրվող նիստը Սահմանադրության 100-րդ հոդվածի պահանջի համաձայն պետք է անցկացվի»,- նշել է նա և շեշտել, որ քաղաքական մեծամասնությունն իրավունք չունի չգալու այդ նիստին։
Մինասյանի խոսքով՝ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, եթե այս 4 ժամվա ընթացքում ՔՊ պատգամավորները չգան ու չգրանցվեն և 54 պատգամավորի գրանցում չապահովվեն, նիստի օրակարգը համարվում է ավարտված։
Ընդդիմադիր պատգամավորն ասել է, որ նախաձեռնությունը կմնա ԱԺ օրակարգում։
«Բայց քանի որ այս նախաձեռնությունը նաև գտնվում է ԱԺ-ի ընթացիկ շրջանառության մեջ, այն շարունակում է լինել օրակարգային հարց, և առաջիկա հերթական նիստերի օրակարգից առաջ անպայման ենթակա է քննարկման նախ հանձնաժողովում, այնուհետև Ազգային ժողովի օրակարգում»,- նշել է Մինասյանը։
Նրա խոսքով՝ ըստ կանոնակարգ օրենքի, եթե հիմնական զեկուցողը երկամսյա ժամկետում չի դիմում քննարկման համար, այն օրակարգից դուրս է գալիս։
«Բայց ես արդեն դիմել եմ և ցանկացած ժամանակահատվածում սպասվում է, որ այն կարող է քննարկվել։ Սրա միակ իրավունքը կամ պարտականությունը Ազգային ժողովի պետա-իրավական հանձնաժողովինն է, որը պիտի իր օրակարգը կազմելիս նկատի առնի այս հանգամանքը»,- ասել է պատգամավորը։
Նա հավելել է, որ շարունակելու են Սահմանադրությամբ տրված իրենց լիազորությունները, հնարավորությունները, տարբեր նախաձեռնություններ են լինելու՝ ԱԺ հայտարարությունների, օրենքների, ուղերձների տեսքով, չի բացառվում, որ արտահերթով։
Մինասյանը հիշեցրել է, որ հանձնաժողովի կողմից հարցի քննարկումը հետաձգելուց հետո ինքը գրություն է ուղարկել ԱԺ նախագահին և հանձնաժողովի նախագահին՝ «արձանագրելով հակաիրավական, հակաաշխատանքային ընթացքը»։
«Հայտնել եմ իմ պահանջն ու ցանկությունը, որ ցանկացած ժամանակ հարցը ենթակա է քննարկման»,- հավելել է ընդդիմադիր պատգամավորը։
Հունիսի 17-ին ՔՊ խմբակցությունը բոյկոտել էր կառավարության հրաժարականի հարցով ԱԺ արտահերթ նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված էր ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը:
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության 33 պատգամավոր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի հորդորով հունիսի 10-ին ԱԺ խորհրդին էր ներկայացրել միջնորդություն և պահանջել արտահերթ նիստ գումարել հունիսի 11-ին՝ ժամը 18։00-ին։ Ըստ ԱԺ միջնորդության՝ արտահերթ նիստում Ազգային ժողովը պետք է կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման ուղերձ հղեր։
ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 10-ի նիստում մերժել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության միջնորդությունը։ ԱԺ խորհրդի նիստից հետո «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մանրամասնել էր, որ կառավարությանն անվստահություն հայտնելու օրակարգով ԱԺ նիստն օրենքի ուժով կկայանա հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։