«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Մի վիշապաքարի պատմություն» խորագրով ցուցադրությունը, հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Ցուցահանդեսը բացվել է «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառման շրջանակում, որն անցկացվել է հունիսի 14-16-ը՝ Հայաստանի հնագիտական վայրերում, թանգարաններում, արգելոց-թանգարաններում և այլ տեղերում:
Մ․թ․ա III-I հազարամյակով թվագրվող վիշապաքարը գտնվում է «Մեծամոր»-ի թանգարանի բակում: Այն հայտնաբերել են Լճաշեն գյուղի տարածքում:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտավազդ Զաքյանի խոսքով՝ վիշապաքարը հայտնաբերել են Լճաշեն գյուղից 2,5 կմ հարավ-արևմուտք՝ «Համալիր տարածք» կոչվող գոգավոր տեղանքից 1980 թ․ ջրատար խողովակներ տեղափոխելիս։ Հետազոտվելուց հետո այն բերել են «Մեծամոր» թանգարան:
Հայկական լեռնաշխարհին հատուկ են վիշապաքարերը, որոնց բարձրությունը հասնում է մինչև 5 մետրի. դրանք ունեն ձկան կամ ցլի տեսք, հանդիպում են նաև օձի, արագիլի տեսք ունեցողները։