ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վայոց ձորի մարզային գրասենյակի ՀՅԴ անդամներից 5-ին կալանավորելու մասին։ Դատարանը արգելել է նրանց հանդիպել ընկերների, համակիրների հետ, հավելեց Մինասյանը։
«Նրանցից 4-ը կալանավորված է 2 ամսով, 1-ը՝ 1 ամսով, կա 3 տնային կալանք՝ 2 ամսով, 1 գրավով ազատ արձակման և 1 բացակայելու արգելքով խափանման միջոցի կիրառում»,- ասաց Մինասյանը։
Ըստ նրա՝ այս ցուցակում ներգրավված չեն այն անձինք, ովքեր կալանավորվել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքներին մասնակցելու համար։ Նրա խոսքով՝ 2022 թվականին այդ իրավական գործընթացների տակ էր ՀՅԴ Արմավիրի մարզային գրասենյակը, 2023 թվականին՝ Դաշնակցության Արարատի, Տավուշի, հիմա արդեն հասել են Վայոց ձորի մարզային կառույց։
«Տևական ժամանակ է՝ իշխանությունը հարձակվում է ՀՅԴ-ի վրա։ Ընդ որում՝ տարբեր ժամանակահատվածներում օգտագործելով տարբեր մեթոդներ, բայց ձեռագիրը նույնն է՝ կեղծիքի, ստի և քաղաքական հալածանքների միջոցով, օրինական շղարշի քողի տակ փորձել ներկայացնել մեղադրանք»,- ասաց պատգամավորը։
Իրավաբան Արսեն Բաբայանի խոսքով՝ իրավապահները խոստացել են ազատ արձակել այն ձերբակալվածներին, որոնք կեղծ ցուցմունք կտան, որ իրենց գումար են առաջարկել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին մասնակցելու համար։
«Կեղծ տեղեկություններ են տարածվում, իբր արցախցիները հանրահավաքին մասնակցում են փողի համար կամ նրանց պարտադրում են հավաքներին մասնակցել որոշակի գումարի դիմաց։ Տարածում են նաև, որ նյութական շահագրգռվածության համատեքստում ժողովրդին հավաքագրում են հանրահավաքների մասնակցելու համար։ Ողջ համակարգն ուղղված է այս շարժումը վարկաբեկելուն»,- ասաց Բաբայանը։
Նա նշեց, որ փաստաբանական թիմն ակտիվ ներգրավել է կեղծ զանգվածային անկարգությունների և խուլիգանության հոդվածներով անցնող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։
«Ձերբակալության միջնորդության հիմքերում անգամ նշված է, որ այս կամ այն անձը ՀՅԴ կուսակցության որևէ կազմի ղեկավարն է կամ ներկայացուցիչը, և անգամ դատարանում է այդ մասին խոսվում։ Մարզային վարչության բարձր ղեկավարության կողմից կոնկրետ փորձեր է արվել կեղծ ցուցմունք տալ, որ գումարի դիմաց են հավաքներին մասնակցել։ Առաջարկվել է ասեն, որ փող են տվել, և իրենց անմիջապես ազատ կարձակեն։ Մենք ունենք նաև այդպիսի հրապարակված ցուցմունքներ։ Ու այդպիսի առաջարկ է արվել, բոլորը հիմա կալանավորված են։ Դա նշանակում է, որ չեն համաձայնվել, որովհետև չի էլ եղել այդպիսի հանգամանք, որ տային»,- ասաց Բաբայանը։
Նա հավելեց, որ 6 ժամանոց տեսանյութերը ուսումնասիրելու համար, որոնք ներգրավված են գործերում, իրենց՝ որպես պաշտպանի, հատկացվել է 30 րոպե, որը ենթադրում է 120 անգամ արագացված նայել տեսանյութերը։
Հունիսի 14-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը մանրամասներ էր հայտնել կուսակցության մարզային կառույցներում իշխանությունների կողմից իրականացված խուզարկությունների մասին։ Հայտարարության մեջ նշվում էր, որ «ակնհայտ ապօրինի մեղադրանքներով» խուզարկություններ են իրականացվել կուսակցության Վայոց ձորի մարզային գրասենյակներում, բերման են ենթարկվել և ձերբակալվել մարզային կառույցի ղեկավար ներկայացուցիչներ։