ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը և Ներկայացուցիչների պալատի անդամ Նիքոլ Մալիոտակիսն առաջարկել են 100 միլիոն դոլարով ավելացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսավորումը Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի օգնության հաշվից (AEECA), հայտնել է ANCA-ն։
Ըստ հրապարակման՝ ֆինանսավորումը կուղղվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, որոնք ներկայում բնակվում են Հայաստանում, քանի էր ստիպված են եղել լքել իրենց նախնիների հայրենիքը 2023 թվականին Ադրբեջանի լայնածավալ հարձակման պատճառով:
Մայիսի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ էին արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, ամբողջապես դադարեցնել ռազմական և անվտանգային աջակցությունն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։