«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության թեմայի շուրջ դեռևս կոնսենսուս չի ձևավորվել, տարաձայնություններ կան, գրել է «Ժողովուրդ»-ը։
Թերթը նշել է, որ այսօր ԱԺ-ում Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ լսումները կապված են նրա հետ, որ արտախորհրդարանական ուժերը լրջորեն բարձրացրել են այդ հարցը իշխանությունների առաջ:
Ըստ լրատվականի՝ պատգամավորներից շատերը հենց քննարկումների ժամանակ կարծիք են հայտնել, որ դեռ պատրաստ չեն այս կարևոր ու կտրուկ արտաքին քաղաքական շրջադարձին:
«ՔՊ-ում երկու թևի են բաժանված՝ մի մասը կարծում է, որ Հայաստանի միակ ճիշտ ուղին ԵՄ-ն է, մյուս մասն էլ կարծում է, որ ԵՄ անդամակցության հարցում չպետք է շտապել. պետք է յոթ չափել ու մեկ կտրել»,- նշել է թերթը:
Ըստ աղբյուրի՝ հանրաքվե անցկացնելու նախաձեռնողները՝ «Ժողովրդավարական ուժերի հարթակ» նախաձեռնությունը, ժամկետ են դրել՝ գործընթացն սկսել 3-4 ամսվա ընթացքում:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 8-ին թուրքական հեռուստաալիքին հայտնել էր, որ «Հայաստանում քննարկվում է ԵՄ-ին անդամակցելու գաղափարը և Հայաստանի ժողովուրդն իսկապես եվրոպական ձգտումներ ունի»։ Փետրվարի 29-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու և հարաբերությունները դաշինքի հետ հնարավորինս խորացնելու Հայաստանի պատրաստակամության մասին։
Հունիսի 11-ին 4 կուսակցություն առաջարկել էր ԵՄ-ին միանալու հարցով ՀՀ-ում հանրաքվե կազմակերպել։