Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել կաշառքի միջնորդության պատրվակով զինծառայողից խոշոր չափի գումար ստանալու համար, հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Մասնավորապես, Վ. Ս.-ն, պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով, ժամկետային զինծառայողից և վերջինիս մորից ստացել է խոշոր չափերի՝ 1.500.000 դրամ և 90.000 դրամի խմիչք:
«Երևանի բնակիչ Կ. Պ.-ն 2024թ․ հունվարին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Ա. Մ.-ին զինվորական հետագա ծառայությունից ազատելու խնդրանքով դիմել է իր ծանոթ Վ. Ս.-ին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ հիշյալ հարցը լուծելու համար Ա. Մ.-ն և նրա մայրը պատրաստ են կաշառք տալ»,- հայտնում է կոմիտեն:
Ըստ աղբյուրի՝ իրականում նպատակ չունենալով նշված հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու դիտավորությամբ Վ. Ս.-ն Կ. Պ.-ին վստահեցրել է, թե իբր իր ծանոթ պաշտոնատար անձանց 3000 դոլար կաշառք տալու դիմաց հնարավոր է կազմակերպել Ա. Մ.-ին հետագա զինվորական ծառայությունից ազատելու հարցը:
«Ա. Մ.-ն և նրա մայրը, տեղյակ չլինելով Վ. Ս.-ի իրական մտադրության մասին, 2024թ․ հունվարի 11-ից փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում Կ. Պ.-ի միջնորդությամբ Վ. Ս.-ին են փոխանցել գումարն ու խմիչքը»,- հայտնում են գերատեսչությունից:
Վ. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառքի միջնորդության պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պատժվում է ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:
Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է նաև, որ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: