Հայաստանի ուժային կառույցների ծառայողները հունիսի 21-ին ջարդել են ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության դարպասները և տարել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան, Armenia Today-ին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Սա ոչ թե առգրավում, այլ բանդայի կողմից իրականացված գործողություն է։ Սա բանդիտիզմ է, ուրիշ ոչինչ»,- ասել է փաստաբանը։
Նա հայտնել է, որ գործողության վերաբերյալ դատական հայց են ներկայացնելու։
Ավելի վաղ փաստաբանը տեսանյութ էր հրապարակել՝ ահազանգելով ներկայացուցչության մոտ ուժայինների գործողության մասին։ Նա նշել էր, որ ուժայինների շարքում էին «ԱԱԾ, այդ թվում՝ դիմակավորված ծառայողներ, քննիչներ, պարեկային ծառայության աշխատակիցներ»։
«Արցախի նախագահի ավտոմեքենան առգրավելու նպատակով բռնի ուժով կոտրել են ներկայացուցչության դարպասները։ Մարդիկ փորձել են խոչընդոտել, բայց նրանց նկատմամբ ևս բռնի ուժ է կիրառվել։ Ավտոմեքենան, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, առգրավում է բնակարան համարվող տարածքից»,- ասել է նա։
ԱԱԾ մամուլի ծառայությունից Armenia Today-ին հայտնեցին, որ նման գործողության մասին տեղեկություն չունեն, խոստացան ճշտել ու զանգահարել։ Ավելի ուշ հայտնեցին, որ գործողության հետ ԱԱԾ-ն կապ չունի։
Փաստաբանը հիշեցրել է, որ ավտոմեքենան իրավապահները հունիսի 7-ին կապարակնքել էին, բայց չէր հաջողվել առգրավել այն։