Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է հղել Հայաստանին, հայտնում է երկրի արտգործնախարարությունը։ Փաստաթուղթը հունիսի 21-ին կայացած հանդիպման ժամանակ ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովը փոխանցել է Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանին։
«Դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունները, առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները, համատեղ ինտեգրացիոն կառույցներում փոխգործակցությունը, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև երկարամյա բարեկամական կապերը»,-ասվում է Բելառուսի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ ՀՀ ոչ մի պաշտոնյա այլևս չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահն Ալեքսանդ Լուկաշենկոն է։ Նա ԱԺ ամբիոնից 2-րդ անգամ Բելառուսին մեղադրել էր 2020-ին 44-օրյա պատերազմում Ադրբեջանին աջակցելու և պատերազմը նախապատրաստելու մեջ։ Նույն օրը Բելառուսում Հայաստանի դեսպանը հրավիրվել էր Երևան՝ խորհրդակցությունների։ Բելառուսը խորհրդակցությունների համար հետ էր կանչել նաև Հայաստանում իր դեսպանին։
Հունիսի 14-ին ՀՀ-ն բողոքի նոտա էր հղել Մինսկին՝ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազի՝ հունիսի 13-ի հայտարարության առնչությամբ, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկին ուղղված հայտարարությունները կապել էր «ՀՀ ներքաղաքական բարդ իրավիճակի հետ»։