ԱԺ «Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» լսումներ անցկացնելը կապել է Սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնելու ՔՊ մտադրության հետ։
«Կարծում ենք՝ իշխանությունների կողմից այս օրակարգի առաջ բերելու իրական նպատակը Սահմանադրության փոփոխության հանրաքվեի անցկացման հարցն է, որը կարող է զուգորդվել Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու վերաբերյալ հանրաքվեով»,- ասվում է խմբակցության հայտարարության մեջ։
Ըստ ընդդիմադիր խմբակցության՝ ԵՄ անդամակցության քողի տակ անցկացվող Սահմանադրության փոփոխություններով իշխանությունները կբավարարեն թուրք-ադրբեջանական հերթական պահանջը։
«ԵՄ անդամակցության հարցը կարող է լուծվել բացառապես ԵՄ-Հայաստան բանակցություններում ձեռք բերված համապատասխան փոխադարձ համաձայնությունների միջոցով»,- նշել են ընդդիմադիր պատգամավորները։
Խմբակցությունն իշխանություններին և նախագծի հեղինակներին կոչ է անում հանրությանն իրազեկել՝ արդյոք ՀՀ-ն պետք է դո՞ւրս գա ԵԱՏՄ-ից՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ն, առաջին հերթին, մաքսային միություն է։
«Նկատի ունենալով ՀՀ ձևավորված առևտրատնտեսական հարաբերությունները, տնտեսության և արտաքին առևտրի կառուցվածքը, նման քայլը կարող է խիստ վնասակար լինել Հայաստանի տնտեսության համար»,- նշում է խմբակցությունը:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ այսօրինակ նախաձեռնություններով իշխանությունը շարունակելու է պառակտումը հասարակության մեջ՝ բերելով նոր բաժանումների՝ հակառուսական, հակաեվրոպական պիտակավորումներով։
Խմբակցությունը հիշեցրել է, որ ԵՄ անդամակցության թեկնածու ԱՊՀ նախկին պետությունները՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, հայտ ներկայացնելու համար հանրաքվեներ չեն անցկացրել։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 8-ին թուրքական հեռուստաալիքին հայտնել էր, որ «Հայաստանում քննարկվում է ԵՄ-ին անդամակցելու գաղափարը, և Հայաստանի ժողովուրդն իսկապես եվրոպական ձգտումներ ունի»։ Փետրվարի 29-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու և հարաբերությունները դաշինքի հետ հնարավորինս խորացնելու Հայաստանի պատրաստակամության մասին։
Հունիսի 11-ին 4 կուսակցություն առաջարկել էր ԵՄ-ին միանալու հարցով ՀՀ-ում հանրաքվե կազմակերպել։
Հունիսի 21-ին Ազգային ժողովը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի մասին լսումներ էր անցկացրել։ ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լսումների ընթացքում հայտարարել էր, որ փոքր պետությունների համար ԵՄ անդամ լինելը լավ է․ քիչ տալով՝ շատ են ստանում այդ կառույցից։ Նա հավելել էր, որ լսումների նպատակն է քննարկել եվրոինտեգրման մեթոդները, ժամկետները և դրան հասնելու գործիքակազմը։