Քրիստոնեական եկեղեցիների ղեկավարները հայտարարել են եկեղեցական գույքի վրա քաղաքային հարկ սահմանելու Իսրայելի իշխանությունների որոշման մասին և այս հարցում դարավոր ստատուս քվոյի խախտումն անվանել են «համակարգված հարձակում քրիստոնեական ներկայության վրա», հայտնում է The Jerusalem Post-ը։
«Ներկայումս, երբ ամբողջ աշխարհը և, հատկապես, քրիստոնեական աշխարհը մշտապես հետևում է Իսրայելի իրադարձություններին, մենք կրկին բախվում ենք իշխանությունների կողմից քրիստոնեական ներկայությունը Սուրբ երկրից վտարելու փորձի»,- ասվում է հայ առաքելական, ուղղափառ, կաթոլիկ եկեղեցիների առաջնորդների և երկրում գործող մյուս քրիստոնեական կառույցների ղեկավարների հայտարարության մեջ:
Նախկինում Երուսաղեմի, Թել Ավիվի, Ռամալայի և Նազարեթի քաղաքապետարանները նախազգուշական նամակներ էին ուղարկել եկեղեցական վարչակազմերին՝ սպառնալով դատական գործ հարուցել, եթե գույքահարկը չվճարվի:
ՀԱԵ Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը, Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս Թեոֆիլ III-ը և քրիստոնեական եկեղեցիների այլ առաջնորդներ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ուղղված նամակում հիշեցրել են, որ եկեղեցիների ներդրումը քաղաքի զարգացման գործում պատմականորեն ճանաչվել է քաղաքական իշխանությունների կողմից։
Նրանք քաղաքապետարաններին կոչ են արել վերացնել եկեղեցիների լրացուցիչ հարկման պահանջը և պահպանել Երուսաղեմի կրոնական և սոցիալական կառուցվածքը։
«Նման միջոցը խաթարում է Երուսաղեմի սուրբ բնույթը և սպառնում է այս երկրում իր համայնքների և համաշխարհային եկեղեցու անունից իր ծառայությունն իրականացնելու եկեղեցու կարողությանը»,- ասվում է նամակում:
The Jerusalem Post-ը հիշեցրել է, որ Երուսաղեմի իշխանությունները դեռևս 2018 թվականին հայտարարել էին որպես աղոթատեղի չօգտագործվող եկեղեցիների գույքի վրա հարկ սահմանելու պլանների մասին։ Այնուհետև եկեղեցիների ղեկավարները փակել են Երուսաղեմի Սուրբ Գերեզմանի եկեղեցու դռները՝ ի նշան Իսրայելի հարկային օրենսդրության փոփոխությունների դեմ բողոքի, որից հետո Նեթանյահուն դադարեցրել էր մունիցիպալ հարկերի հավաքագրման ընթացակարգերը և ստեղծել հանձնաժողով՝ խնդիրը լուծելու համար։