Հունիսի 24-ին այս տարվա առաջին ուղևորությունն է իրականացրել Երևան-Բաթումի-Երևան երթուղու միջազգային գնացքը, հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը: Հայաստանի հյուսիսում գտնվող երկաթուղու հատվածները վնասվել էին մայիսի 26-ի Տավուշում ու Լոռիում հեղեղումների հետևանքով։
Ընկերության տվյալներով՝ հունիսի 24-ի դրությամբ արդեն վաճառվել է մոտ 1500 տոմս։ Նշվում է, որ գնացքը Երևանից մեկնելու է երկու օրը մեկ։
Ուղևորներին առաջարկվում է ծառայությունների չորս տեսակ ՝ պլացկարտ, կուպե, բարձր հարմարավետության կուպե և Սվ։
Երևանից դեպի Սև ծովի հանգստավայրեր տոմսերի արժեքը սկսվում է 13 հազար դրամից: Տոմսերը կարելի է ձեռք բերել ոչ միայն Հայաստանի և Վրաստանի գլխավոր կայարանների տոմսարկղերից, այլև առցանց՝ ՀԿԵ-ի կայքում։
Հունիսի 18-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարել էր, որ Երևան-Բաթումի-Երևան միջազգային սեզոնային գնացքի առաջին չվերթը տեղի կունենա հունիսի 24-ին:
Հունիսի 14-ին Լոռու մարզպետարանը հայտնել էր աղետի գոտում ջրհեղեղի հետևանքով վնասված երկաթուղու աշխատանքի վերականգնման մասին։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր ջրհեղեղից վնասված երկաթուղու նախատեսված ժամանակահատվածից շուտ վերականգնման մասին։ Հունիսի 15-ին ՌԴ կառավարությունը հայտնել էր, որ Ռուսաստանը ռեկորդային կարճ ժամկետում վերականգնել է Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել են գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետը նաև այցելել էր աղետի գոտի։ Հայաստանի կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։ Մայիսի 30-ին Լոռիում և Տավուշում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների գնահատման համար ՀՀ-ն դիմել էր ԵՄ-ին ու ՄԱԿ-ին։
Մայիսի 31-ին ՌԴ-ն հայտնել էր, որ ջրհեղեղից տուժած երկաթուղիների վերականգնման համար Ռուսաստանը գումար էր հատկացրել։ Նշվում էր, որ «Ռուսական երկաթուղիներ»-ի մասնագետները ջրհեղեղից հետո սկսել են վերականգնել Հայաստանի երկաթուղին։