Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ճանապարհին հիմնական խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այդ մասին Բայրամովն ասել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը, որի ընթացքում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները:
«Հայաստանի սահմանադրությամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին պնդումները բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտն են»,- ասել է Բայրամովը։
Նշվում է, որ Բայրամովն ու Խովաևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը և հեռանկարները, ինչպես նաև Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները։
Հունիսի 4-ին ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում Սահմանադրությունների փոփոխության հարց չկա։ Հունիսի 6-ին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն անդրադարձել էր Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։