Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Լիբանանի հոգևոր առաջնորդների հետ հավաքի ժամանակ բարձրացրել է միջազգային երաշխավորությամբ Արցախի ժողովրդի վերադարձի ու հայ ռազմագերիների հարցը, հայտնում է կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
Լիբանանի քրիստոնյա և իսլամ հոգևոր առաջնորդների հավաքին, որին ներկա էր նաև Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլին, քննարկվել է Լիբանանի նախագահի ընտրության հարցը։
Հունիսի 18-ին Արան Ա-ն Լիբանանում Իրանի դեսպան Մուջթապի Ամանին խնդրել էր Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում Իրանի միջամտությունը՝ հաշվի առնելով Իրանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող պատմական հարաբերությունները և բարիդրացիությունը:
Հունիսի 12-ին Արամ Ա-ն Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ քննարկել էր Ադրբեջանում գտնվող հայ բանտարկյալների շուտափույթ ազատման, միջազգային երաշխավորությամբ իրենց պապենական հողեր արցախահայության վերադարձի հարցերը։