Բացարձակ մարտական առաջնության (UFC) հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի (ներկայացնում է ՌԴ-ն) որակազրկման ժամկետը կկրճատվի մինչև կես տարի, ՏԱՍՍ-ին հայտնել է մարզիկի մենեջեր Սայաթ Աբդրախմանովը։
Հունիսի 25-ին ԱՄՆ Նևադայի նահանգային աթլետիկայի հանձնաժողովը խառը մենամարտերի մարզիկին 9 ամսով որակազրկել էր և տուգանել 25 հազար դոլարով: Այդ որոշումը կայացրել էին ապրիլի 14-ին Ծառուկյանի և երկրպագուի միջև տեղի ունեցած միջադեպի համար․ Ծառուկյանը մարտի դուրս գալու ժամանակ հարձակվել էր երկրպագուի վրա, որն իրեն անպարկեշտ ժեստեր էր ցույց տվել։
«Որակազրկումը կարելի է կրճատել մինչև վեց ամիս։ Ծառուկյանը կօգտվի այդ տարբերակից, որպեսզի կարողանա մարտի դուրս գալ հոկտեմբերին։ Նա հոկտեմբերին կարող է մենամարտել Իսլամ Մախաչովի դեմ»,- ասել է Աբդրախմանովը։
Ապրիլի 14-ին՝ UFC 300 (Ultimate Fighting Championship) մրցաշարում, Ծառուկյանը հաղթել էր աշխարհի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրային: Երկրպագուի հետ միջադեպը տեղի էր ունեցել Օլիվեյրայի հետ մարտից առաջ։ Այդ մարտի արդյունքներով Ծառուկյանը «Բացարձակ մարտական առաջնության» (UFC) թեթև քաշային կարգում բարձրացել էր առաջին տեղ։ Մինչ այդ հաղթանակը UFC-ի վարկանիշային աղյուսակում Ծառուկյանն զբաղեցնում էր 4-րդ հորիզոնականը։