ՀՀ քննչական կոմիտեն պարզել է Փարաքարի համայնքապետի, Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի և նույն համայնքի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներ։
Մասնավորապես, Փարաքարի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձը համայնքին պատկանող բնակավայրերից մեկում 63.2 քմ մակերեսով տնտեսական շինությունը, 70.2 քմ մակերեսով ծածկը և 0.3027 հա մակերեսով հողամասը 2022թ․ դեկտեմբերի 9-ին կայանալիք աճուրդի միջոցով օտարել այդ բնակավայրի վարչական ղեկավարի նախընտրած անձին և խոչընդոտներ են ստեղծել աճուրդին հայտեր ներկայացնելու ցանկություն ունեցող քաղաքացիների համար:
2022թ․ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ձևական աճուրդում հաղթող է ճանաչվել բնակավայրի վարչական ղեկավարի նախընտրած անձը, որից հետո Փարաքարի՝ ղեկավարման գործառույթներով օժտված նախկին պաշտոնատար անձի կողմից կայացվել է հիշյալ գույքերն աճուրդում հաղթող ճանաչված անձին օտարելու մասին որոշում։ Արդյունքում՝ վերոնշյալ գույքերը 17.699.130 դրամով ապօրինի օտարվել է այդ անձին։
Ըստ գերատեսչության՝ նշված երեք պաշտոնատար անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, պատժվում է ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով) հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Նշված անձինք ձերբակալվել են, նրանց ներկայացվել են մեղադրանքներ։ Փարաքարի նախկին համայնքապտն ու Մերձավանի ղեկավարը կալանավորվել են, առաջատար մասնագետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։