ՌԴ Կոմի Հանրապետությունում մարդատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով գրեթե 50 մարդ է վիրավորվել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությանը։
Հունիսի 26-ի երեկոյան Վորկուտա-Նովոռոսիյսկ մարդատար գնացքի 14 վագոններից 9-ը գծերից դուրս են եկել Կոմի Հանրապետության Ինտա-Ուգոլնի հատվածում։ «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ն հայտնել է, որ գնացքում գտնվել է 232 ուղևոր։
«Շուրջ 50 մարդ դեպքի վայրում դիմել է բժիշկների օգնությանը, տուժածների մեծ մասի մոտ ախտորոշվել են կոտրվածքներ, կապտուկներ, կտրվածքներ և գլխուղեղի տրավմատիկ վնասվածքներ»,- մանրամասնում է աղբյուրը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր չկան։ Միջադեպի նախնական պատճառը հորդառատ անձրևների հետևանքով ռելսերի տեղաշարժն էր, պարզաբանում է Ռուսական երկաթուղիները։
Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (երթևեկության անվտանգության և երկաթուղային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելը):