Մեկ ամսում խաղաղության պայմանագիր ստորագրելու ՀՀ առաջարկի վերաբերյալ Ադրբեջանից դրական արձագանք չենք տեսնում, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի համատեղ ասուլիսի ժամանակ։
«Մենք գրեթե ավարտել ենք խաղաղության պայմանագրի նախագծի տեքստին առնչվող աշխատանքը։ Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ լրամշակել տեքստը և Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր։ Բայց ես չեմ կարող ասել, որ մենք տեսել են մեր ադրբեջանցի գործընկերների դրական արձագանքը՝ կապված մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկի հետ»,- ասել է Միրզոյանը։
Միևնույն ժամանակ՝ նա նշել է, որ Հայաստանը հանձնառու է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։
«Մենք պատրաստ ենք վճռականորեն շարունակել այդ գործընթացը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Անկեղծորեն հավատում եմ, որ ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու բոլոր հնարավորությունները: Անկեղծորեն հավատում եմ, որ այս խաղաղությունն օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին և երկրներին։ Մենք, իհարկե, կշարունակենք աշխատել այս ուղղությամբ, և ակնկալում ենք մեր գործընկերների վճռական աջակցությունը»,- եզրափակել է նախարարը։
Հունիսի 7-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ պատրաստ է ինտենսիվ աշխատել համաձայնագրով չլուծված հարցերի պարզաբանման և մեկ ամսվա ընթացքում այն ստորագրելու ուղղությամբ։ Հունիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «անհնար էր» անվանել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրն առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության։