Դատարանը հունիսի 27-ին փոխել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը, հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Փաստինֆոն» տեղեկացրել է, որ պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր փոխել խափանման միջոց տնային կալանքը և որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունն ու բացակայելու արգելքը։ Դատարանը բավարարել է միջնորդությունները։
Սուքոյանին ձերբակալել, այնուհետ կալանավորել էին Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանի հետ ապրիլի 30-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից հետո։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Սուքոյանը հայհոյել, ապա հարվածել էր Լևոնյանին այն բանից հետո, երբ պարզաբանում էր պահանջել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վերաբերյալ տարածած տեսանյութի մասին։ Լևոնյանը տուժող էր ճանաչվել։
Հունիսի 3-ին արքեպիսկոպոսը դատական հայց էր ներկայացրել Լևոնյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել իր մասին ապրիլի 27-ին հրապարակված «զրպարտություն համարվող տվյալները»։ Նա, մասնավորապես, լրագրողից պահանջել էր հերքել այն հայտարարությունը, թե «զբաղվում է հայրենավաճառությամբ, փորձում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, դրա փոխարեն Կրեմլից ստանում է միլիոնավոր դոլարներ, գումարներ է վատնել, միգուցե և անձնական հաճույքների համար օգտագործել, փորձել է գահընկեց անել Գարեգին Բ-ին, ԿԳԲ-ի գործակալ է, պատերազմ է հրահրում հայ-ադրբեջանական սահմանին, փորձում է իրականացնել հեղաշրջում, առաջ է տանում ռուս-ադրբեջանական շահերը, եկեղեցին դարձրել է բիզնեսի միջոց»։ «Փաստինֆո»-ին Դատախազությունից հայտնել էին, որ ԱԱԾ-ն հերքել է արքեպիսկոպոսի՝ գործակալ լինելու մասին տեղեկատվությունը։