Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերը Բեռլինում հայ խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը մշտապես հանդիսացել է եվրոպական երկիր, և Հայաստանի ապագան Եվրոպայում է, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ կողմերը խոսել են ՀՀ-ԵՄ տնտեսական և էներգետիկ համագործակցության խորացման ու առաջիկա ծրագրերի մասին:
ՀՀ ԱԺ-ից հայտնել են նաև, որ ԳԴՀ Բունդեսթագի մի խումբ պատգամավորների հետ հանդիպմանն ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի և դիմակայունության ամրապնդման հարցերը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Բեռլինում հայ պատգամավորներն աշխատանքային նախաճաշի շուրջ քննարկում են ունեցել ԳԴՀ Բունդեսթագի «Ազատ դեմոկրատներ» խմբակցության պատգամավոր, Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանի, ինչպես նաև ֆորումի այլ անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին «Սոցիալ-դեմոկրատական» խմբակցությունից Յոհաննես Շրափսը, Կարամբա Դիաբին, «Քրիստոնեա-դեմոկրատական» խմբակցությունից Կնուտ Աբրահամը, «Կանաչներ» խմբակցությունից Տաբեա Ռոյսները և ուրիշներ։
ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում Բեռլին են մեկնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Ռուստամ Բաքոյանը, Միքայել Թումասյանն ու Հռիփսիմե Հունանյանը:
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները հունիսի 25-ին Բեռլինում հանդիպել էին Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ: