Սերբիայում ընթացող մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշները նվաճել են ևս երկու բրոնզե մեդալ, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Արտակ Աղաբեկյանը (45 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր՝ հաղթելով ուկրաինացի Եվգենի Շարկովին, իսկ Աշոտ Գյուլնազարյանը (51 կգ)՝ Շվեյցարիայի ներկայացուցիչ Կևին Բիրչլերին։
Ավելի վաղ հայ ըմբիշները նվաճել էին մեկ ոսկի և երեք բրոնզե մեդալ։ 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը դարձել էր առաջնության ոսկե մեդալակիր։ Եզրափակչում նա 9։3 հաշվով հաղթել էր ռուս մարզիկ Բայսանգուր Օսմաևին։
Հայաստանի ևս երեք մարզիկ դարձել էր մրցաշարի բրոնզե մեդալակիր։ 80 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը բրոնզե մեդալ էր նվաճել՝ հաղթելով ադրբեջանցի Մոհամադ Աբասադեին։ Բրոնզե մեդալներ էին նվաճել նաև Արմեն Պապիկյանը (48 կգ) և Եղիշե Մոսեսյանը (65 կգ):