Նա հիշեցրել է, որ ԵԽ ամբիոնից հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մոտիկ լինել այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Ըստ նրա՝ եթե ՀՀ ժողովուրդն այդ գաղափարին չաջակցեր, ինքը նման հայտարարություն չէր անի։
«Անցկացնել հանրաքվե՝ ժողովրսի կարծիքը պարզելու նպատակով, կներեք, ես որպես պաշտոնյա՝ գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը։ Հիմա հանրաքվե անել, թե չանել, ինչո՞ւմն է խնդիրը։ Բայց այսօր, եթե մենք անում ենք հանրաքվե, պետք է անենք քարոզարշավ։ Երբ գնանք քարոզարշավի, քաղաքացիները մեզ տալու են հարցեր, ասելու են՝ ինչպե՞ս, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակում, ԵՄ-ն ուզո՞ւմ ա դա, թե՞ չի ուզում, ԵՄ-ն պատրա՞ստ է»,- ասել է վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում հանրաքվեի անցկացնելու դեպքում իրեն հարց են տալու, թե որքանո՞վ է ԵՄ-ն պատրաստ դրան, իսկ այդ հարցի պատասխանն այսօր ինքը չի կարող տալ, քանի որ ԵՄ-ում նույնպես կատարվում են որոշակի գործընթացներ։
«ԵՄ-ում էլ են կատարվում պրոցեսներ, այդ պրոցեսները մենք պետք է գնահատենք։ ԵՄ երկրներում ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքները որոշակի հարցեր են բարձրացնում։ Մենք ամենաբարձր ձևով հայտարարել ենք ԵՄ-ի հետ մերձենալու մեր քաղաքական կամքը»,- ասել է Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ ԵՄ դեսպանի հետ վերջերս աշխատանքային մակարդակում քննարկել է, որ new partnership agenda-ն մամուլում թարգմանում են «գործընկերության նոր օրակարգ», բայց այսօր ԵՄ դեսպանը շատ ճիշտ է ընդգծել, որ պետք է թարգմանել «նոր գործընկերության օրակարգ», որը շատ ճիշտ քաղաքական ուղերձ է, այդ թվում՝ առաջադրված հարցի համատեքստում, պարզաբանել է վարչապետը։
Փետրվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու։ Մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը քննարկելու առաջարկին։ Մայիսի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենի Ժողովրդավարության գագաթնաժողովի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է այս տարի Հայաստանը տեսնել որպես Եվրամիության անդամ։