Խաղողագործության և գինեգործության ուկրաինական «Ուկրվինպրոմ» ընկերությունը դիմել է Ուկրաինայի վարչապետին՝ առաջարկելով 50%-ի չափով հատուկ տուրքեր սահմանել Հայաստանից և Վրաստանից պատրաստի գինեգործական արտադրանքի վրա՝ ի պատասխան Ռուսաստանի նկատմամբ նրանց լոյալ վերաբերմունքի, հայտնել է РБК-Украина-ն։
Նման քայլը, ըստ «Ուկրվինպրոմի», կօգնի նաև աջակցել հայրենական արտադրողներին և կնպաստի ազգային տնտեսության կայունացմանը։ Մասնավորապես, առաջարկվում է 50% ներմուծման մաքսատուրք սահմանել խաղողի գինիների, հարստացված գինիների, վերմուտների, այլ խմիչքների համար։
Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Կուչերենկոն հատուկ տուրքերի ներդրման անհրաժեշտությունը բացատրում է նրանով, որ Ուկրաինան պետք է դադարեցնի Ռուսաստանին հավատարիմ երկրների ֆինանսավորումը։
«Չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինան երկար ժամանակ փորձում էր ոչ միայն բարեկամական հարաբերություններ պահպանել Վրաստանի և Հայաստանի հետ, այլև ակտիվորեն ներգրավված էր առևտրային համագործակցության մեջ՝ անտեսելով սեփական շահերը, այժմ անհրաժեշտ է հնարավորինս արագ պաշտպանել հայրենական արտադրողներին»,- ասել է նա։
Ըստ արդյունաբերության ձեռնարկությունների՝ հատուկ տուրքի ներդրումը կաջակցի ուկրաինացի արտադրողներին և կխթանի ուկրաինական արտադրանքի սպառումը։
«Գինեգործական պատրաստի արտադրանքի ներմուծման համար սահմանելով համապատասխան հատուկ մաքսատուրքեր՝ մենք կարող ենք պաշտպանել ուկրաինացի խաղողագործների և գինեգործների շահերը, ինչպես նաև խթանել մեր բարձրորակ հայրենական արտադրանքի սպառումն այս դժվարին պահին»,- վստահ է Կուչերենկոն։
Նման միջոցները, նրա կարծիքով, ոչ միայն համարժեք պատասխան կլինեն այս երկրների կողմից աջակցության բացակայությանը, այլև կխրախուսեն ուկրաինացիներին օգտագործել հայրենական արտադրանքը։