ՀՀ արտգործնախարարությունը Բելառուսին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և ընդգծել հայ ժողովրդի ներդրումը։
«Մեր շնորհավորանքները Բելառուսի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Գիտակցելով այս օրվա նշանակությունը, այդ թվում՝ Բելառուսի ազատագրման գործում հայ ժողովրդի ներդրումը, Բելառուսի ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»,- ասվում է X-ում գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հուլիսի 3-ին հայտարարել էր, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցել Մինսկի շքերթին։ «Սակայն հեռահար, սուբյեկտիվ պատճառներով այս երկրի շքերթի ջոկատները չեկան։ Թեև հայ ժողովրդի պապերն ու նախապապերը մասնակցել են Բելառուսի, Խորհրդային Միության ազատագրմանը, Հայրենական մեծ պատերազմին»,- ասել էր Վոլֆովիչը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ ՀՀ ոչ մի պաշտոնյա այլևս չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահն Ալեքսանդ Լուկաշենկոն է։ Նա ԱԺ ամբիոնից 2-րդ անգամ Բելառուսին մեղադրել էր 2020-ին 44-օրյա պատերազմում Ադրբեջանին աջակցելու և պատերազմը նախապատրաստելու մեջ։ Նույն օրը Բելառուսում Հայաստանի դեսպանը հրավիրվել էր Երևան՝ խորհրդակցությունների։ Բելառուսը խորհրդակցությունների համար հետ էր կանչել Հայաստանում իր դեսպանին։
Հունիսի 14-ին ՀՀ-ն բողոքի նոտա էր հղել Մինսկին՝ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազի՝ հունիսի 13-ի հայտարարության առնչությամբ, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկին ուղղված հայտարարությունները կապել էր «ՀՀ ներքաղաքական բարդ իրավիճակի հետ»։