Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ քննարկել է «Երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագրով նախատեսված համագործակցության ոլորտները, հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ կողմերը շեշտել են, որ ռազմավարական գործընկերության զարգացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև տարբեր ուղղություններով փոխգործակցության խորացմանը։ Միրզոյանն ընդգծել է, որ ռազմավարական գործընկերության հաստատումից հետո իր այս առաջին այցը և կայացած քննարկումները վկայում են երկու երկրների քաղաքացիների համար նոր շոշափելի արդյունքների հասնելու մտադրության մասին։
ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
«Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի ջանքերը հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում երկարատև կայունության ու խաղաղության ապահովման համատեքստում շեշտելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում առաջընթաց առահովելու կարևորությունը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԳՆ-ի՝ անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում համագործակցության ու փոխաջակցության, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերի։
Հունվարի 26-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում ստորագրել էին ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Փաշինյանն ստորագրված փաստաթուղթը Երևանի և Թբիլիսիի «ջանքերի ձեռքբերում» էր անվանել։ Կողմերը պայմանավորվել էին գործնական քայլեր ձեռնարկել հայ-վրացական սահմանի սահմանազատման ուղղությամբ։