Երևանի քաղաքապետարանն Armenia Today-ին մեկնաբանել է Երևանի մետրոյում ուղեվարձի վճարման նոր համակարգի ներդրման հարցը։ Հուլիսի սկզբին մետրոյի բոլոր կայարաններում գործարկվել է QR կոդ, թղթային և էլեկտրոնային կրիչ։ Ներկայումս յուրաքանչյուր կայարանում շարունակում է գործել մեկ անցակետ, որը ժետոններ է ընդունում։
Ի պատասխան Armenia Today-ի հարցման՝ քաղաքապետարանի մամուլի ծառայությունը նշել է, որ հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրումն սկսվել է 2023 թվականի չորրորդ եռամսյակից։
«Այդ ծրագրով նախատեսված էր նաև Մետրոպոլիտենի անցարգելների փոխարինում, որն իրականացվում էր փուլային եղանակով՝ քաղաքացիներին հնարավորություն տալով ադապտանալ նոր համակարգի գործունեությանը և սպառել իրենց մոտ առկա ժետոնները։ Ամեն կայարանում շարունակում է գործել մեկ անցակետ»,- ասվում է քաղաքապետարանի պատասխան գրության մեջ՝ հավելելով, որ փոխարինման գործընթացը ներկայումս ավարտված չէ։
Մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ Մետրոպոլիտենում անցարգելների փոխարինումն սկսվել է ապրիլ ամսից։ Քաղաքապետարանից դրական են պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք աշխատակիցները կօգնե՞ն մետրոյում առցանց վճարումների ծրագրերից օգտվելու դժվարություններ ունեցող մարդկանց։
Նշվում է, որ հասարակական տրանսպորտի միասնական համակարգը ներառում է նաև Մետրոպոլիտենը նույն ֆունկցիոնալությամբ։ Համակարգի շրջանակներում կանխիկով տոմսի ձեռքբերումը վարորդից կամ Մետրոպոլիտենի աշխատակցից փոխարինվելու է տերմինալով տոմսի ձեռքբերումով։
Քաղաքապետարանից նշել են, որ ներկայումս ավագանու համապատասխան որոշմամբ կներդրվեն այլ տեսակի տոմսեր, QR կոդեր, թղթային և էլեկտրոնային կրիչներ։
Փետրվարին Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել էր, որ քաղաքապետարանն ավագանու նիստի օրակարգից հանել է Երևանում միասնական տոմսային համակարգի ներդրման նախագիծը, որը ենթադրում է հասարակական տրանսպորտի թանկացում։ Նրա փոխանցմամբ՝ քաղաքապետարանի նիստի օրակարգից հարցը հանել են՝ «նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով»։