Flyone ավիաընկերությունը խստացնում է պահանջները՝ սահմանելով ճանապարհորդության նոր կանոններ, հայտնում է ավիաընկերության պաշտոնական կայքը։
«Վերջին իրադարձությունների համատեքստում, որոնք ազդել են թռիչքների անվտանգության, ինչպես նաև Երևան-Քիշնև երթուղու ուղևորների հարմարավետության վրա, Flyone-ը սահմանում է ճանապարհորդության նոր կանոններ, որոնք գործում են Երևանով դեպի Քիշնև բոլոր չվերթների համար: Այս միջոցառումները կօժանդակեն պետական կառույցների ջանքերին անօրինական միգրացիայի, ահաբեկչության և սահմանադրական համակարգին սպառնացող այլ անօրինական գործողությունների դեմ պայքարում»,- ասվում է հաղորդագրությունում։
Մոլդովական ավիաընկերությունն իր գործողությունները բացատրում է անօրինական միգրացիայի, ահաբեկչության և սահմանադրական կարգին սպառնացող այլ անօրինական գործողությունների դեմ մոլդովական պետական մարմինների պայքարին աջակցելով։
Flyone-ը հայտնել է, որ ստուգումները խստացվել են և խնդրել է ուղևորներին օդանավակայան ժամանել մեկնումից չորս ժամ առաջ։ Նշվում է, որ Երևան-Քիշնև չվերթերի ուղևորների ցուցակը մինչև մեկնումը կփոխանցվի Մոլդովայի իրավասու մարմիններին: Իշխանությունները լրացուցիչ ստուգումներ կիրականացնեն թռիչքից և վայրէջքից առաջ՝ հայտնաբերելու և կանխելու անվտանգության հնարավոր վտանգները:
«Այն ուղևորները, ովքեր ստացել են թռիչքին մասնակցության թույլտվություն, կկարողանան շարունակել իրենց ճանապարհորդությունը: Այն ուղևորները, ովքեր մերժվել են կամ անձը ճանաչվել է «անցանկալի անձ» ( պերսոնա նոն գրատա), չեն կարող ճանապարհորդել և չեն կարող դիմել տոմսերի վերադարձի համար»,- ասված է հաղորդագրությունում:
Բացի այդ, Երևանում բոլոր ուղևորները պետական սահմանը հատելիս և/կամ օդանավ բարձրանալիս կենթարկվեն անվտանգության լրացուցիչ հսկողության:
Ինքնաթիռում Երևան-Քիշնև չվերթերի ժամանակ գործում է 3000 դոլարի կամ դրան համարժեք ցանկացած արժույթով կանխիկի սահմանաչափ:
«Իրավասու անձինք կստուգեն առկա միջոցները: Այն ուղևորները, ովքեր ունեն ավելի քան 3000 դոլար կանխիկ գումար և չեն կարող հիմնավորել գումարի ծագումը, չեն կարողանա շարունակել իրենց ճանապարհորդությունը։ Միջոցների ծագումը կարող է հաստատվել պետական մարմինների, գործատուի կողմից տրված պաշտոնական փաստաթղթերով, առքուվաճառքի պայմանագրերով և այլն»,- ասվում է հայտարարությունում:
Նշվում է, որ բոլոր ուղևորները լրացնում են թերթիկ, որտեղ հայտարարագրում են իրենց ունեցած գումարի չափը սահմանը հատելիս: