Կրեմլում բանակցություններ են տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջև, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հանդիպման մեկնարկում ՌԴ նախագահն ասել է, որ ուրախ է Հունգարիայի ղեկավարին տեսնել Մոսկվայում։ Միաժամանակ, նա պարզաբանել է, որ Օրբանը ժամանել է նաև որպես Եվրոպական խորհրդի նախագահ։ Հանդիպման թեմաներից մեկը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորումն էր։
«Իհարկե, ես պատրաստ եմ ձեզ հետ քննարկել այս հարցի նրբությունները և հուսով եմ, որ դուք ինձ կծանոթացնեք ձեր դիրքորոշմանը, եվրոպացի գործընկերների դիրքորոշմանը»,- ասել է Պուտինը։
ՌԴ ղեկավարը հավելել է, որ պատրաստ է իր զրուցակցին ներկայացնել Մոսկվայի առաջարկների մանրամասները։
«Ես կցանկանայի օգտագործել այս հնարավորությունը՝ ձեզ հետ քննարկելու մի շարք կարևոր հարցեր, կցանկանայի իմանալ ձեր դիրքորոշումը կարևոր հարցերի շուրջ»,- պատասխանել է Օրբանը։
Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Հունգարիայի միջև ապրանքաշրջանառության 35 տոկոս անկում է գրանցվել։
«Ընդհանուր առմամբ՝ աշխատելու բան ունենք, լուրջ ծրագրերն ընթացքի մեջ են»,- հավելել է նա։
Ինչպես հայտնել է Օրբանի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին, վարչապետը Մոսկվա է ժամանել «խաղաղ առաքելության» շրջանակներում։
Հուլիսի 1-ին ԵՄ Խորհրդում սկսվել էր Հունգարիայի վեցամսյա նախագահությունը։ Հաջորդ օրն Օրբանը 12 տարվա մեջ առաջին անգամ այցելել էր Կիև, որտեղ հանդիպել էր նախագահի՝ Վլադիմիր Զելենսկու հետ։