«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները վախենում են իրենց գրասենյակի վրա հարձակումից, ուստի ոստիկանության հատուկջոկատայիններին խնդրել են հսկել այն, գրել է «Հրապարակ»-ը։
«ՔՊ-ականները վախ ունեն, թե կարող են ահաբեկչության «զոհ» դառնալ, ուստի ՆԳՆ ոստիկանության Երևանի վարչության կարմիր բերետները երբեմն ուժեղացված ծառայություն են իրականացնում ՔՊ-ականների տների և մշտական հսկողություն` ՔՊ գրասենյակների մոտ»,- գրել է թերթը։
ՆԳՆ-ից լրատվականին հայտնել են, որ հասարակական կարգի ապահովման նպատակով են ոստիկանները հսկում ՔՊ-ի գլխամասային գրասենյակի շենքը։
Ըստ թերթի՝ եթե ավելի վաղ օրենքը թույլ էր տալիս ոստիկանության հատուկջոկատայիններին վճարովի ծառայություն իրականացնել, աշխատելով մասնավոր հատվածի հետ, ապա այժմ դա օրենքի խախտում է։
«Նախկինում ՆԳՆ պետական պահպանության գլխավոր վարչությունը վճարովի ծառայություն էր մատուցում որոշ կազմակերպությունների, սակայն հետո օրենքը փոխվեց, և նման ծառայություն մատուցում են մասնավոր պահնորդական կազմակերպությունները: ՊՊԳՎ-ն հսկում է միայն պետական շենք-շինությունները։ ՔՊ-ի գրասենյակը հատուկ կարևոր նշանակության և պահպանության ենթակա օբյեկտ չէ, և եթե հսկողություն է իրականացվում, դա օրենքի խախտում է»,- գրել է թերթը։
Մարտի 13-ին ՔԿ-ն հայտնել էր, որ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով քրեական հետապնդում է հարուցել չորս մեղադրյալի նկատմամբ՝ 2024թ․ փետրվարի 10-ին Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տանը (Նոյ թաղամաս, 143/1), 2024թ․ փետրվարի 20-ին ՔՊ գրասենյակում (Գյուլբենկյան 30/3), ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակում (Գյուլբենկյան 33) ահաբեկչություններ կազմակերպելու համար։
Ձերբակալվածներից մեկը «Դաշնակցություն» կուսակցության անդամ Գագիկ Սարգսյանն է, մարտի 14-ին Armenia Today-ին հայտնել էր նրա փաստաբան Վահե Եփրիկյանը: Նրան մեկ ամսով կալանավորել էին։