Անկարան դժգոհ է մի շարք արևմտյան երկրների դիրքորոշումից՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի համատեքստում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Շուշիում անցկացվող Թուրքական պետությունների կազմակերպությանը մասնակցող երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։
«Մեզ չի բավարարում արևմտյան որոշ երկրների անհավասարակշիռ վերաբերմունքը, որոնք բացահայտ նախապատվությունը տալիս են Հայաստանին և անտեսում Ադրբեջանի մտահոգությունները։ Մենք՝ որպես թյուրքական աշխարհ, ցանկանում ենք, որ այս գործընթացը հանգեցնի հաջողության»,- նրա խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Միևնույն ժամանակ՝ թուրք նախարարը կարծում է, որ «պատմական հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար», ինչը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի անվտանգության և միջազգային լոգիստիկ կարողությունների վրա։
Հունիսի 28-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենն ասել էր, որ Երևանի և Բաքվի միջև հնարավոր համագործակցությունը «կբարելավի և՛ անվտանգության ոլորտում համագործակցությունը հարևանների հետ, և՛ պայմաններ կստեղծի Կենտրոնական Ասիայից և Ադրբեջանից Վրաստանով և Հայաստանով համաշխարհային շուկաներ ապրանքներ փոխադրելու համար»։
Հուլիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրն «ահռելի հնարավորություններ» կստեղծի տարածաշրջանում տնտեսական կապերի համար։ Հուլիսի 5-ին ամերիկացի սենատոր Ռոջեր Ուիքերը Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանների բացման հարցում Հայաստանին աջակցելու մասին։