Հայաստանը կարևորում է Իրանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված դարավոր բարեկամական կապերի հետևողական ամրապնդումն ու խորացումը, ասվում է Իրանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Մասուդ Փեզեշքիանին ուղղված ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձում։
«Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձառությունն ու գիտելիքները կծառայեցնեք երկրի հետագա առաջընթացին և բարգավաճմանը: Հայաստանը կարևորում է Իրանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված դարավոր բարեկամական կապերի հետևողական ամրապնդումն ու խորացումը: Ուրախ եմ արձանագրել, որ այսօր էլ Հայաստան-Իրան հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում»,- մասնավորապես ասված է նախագահի ուղերձում:
Նախագահը վստահություն է հայտնել, որ Փեզեշքիանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցությունը կշարունակի ընդլայնվել։
Հուլիսի 6-ին ձայների հաշվարկից հետո հայտնի էր դարձել, որ Իրանի նախագահական ընտրություններում հաղթել է Առողջապահության նախկին նախարար և ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանը։ Փեզեշքիանն ստացել է 16,4 միլիոն իրանցիների աջակցությունը։ Նրա մրցակից, պահպանողական Սայիդ Ջալիլին հավաքել է 13,5 միլիոն ձայն։
Հունիսի 28-ին Իրանում սկսվել էին նախագահական արտահերթ ընտրությունները։ Ռեֆորմիստը հաղթել էր նաև ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով 10,4 միլիոն ձայն՝ Ջալիլիի 9,4 միլիոնի դիմաց։ Սակայն հետո նա չէր կարողացել ստանալ ընտրողների ավելի քան 50%-ի աջակցությունը։ Քվեարկությունը նշանակվել էր մայիսի 19-ին ավիավթարի հետևանքով այս պաշտոնն զբաղեցնող Էբրահիմ Ռայիսիի մահից հետո։