Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար, ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն «խայտառակություն» և «սկանդալ» է անվանել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցը Շուշի։
«Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի քաղաքում Թուրքական պետությունների գագաթնաժողովին խայտառակություն է Հունգարիայի համար, իսկ Եվրոպայի համար` սկանդալ»,- X-ում գրել է ԵԽ պատգամավորը։
Նա նաև նշել է, որ այդ այցով Օրբանը «կասկածի տակ է դնում Կիպրոսի խնդիրը»։
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Օրբանը Եվրոպական խորհրդի կողմից գագաթնաժողովում ԵՄ-ն ներկայացնելու մանդատ չի ստացել։ «ԵՄ-ն մերժում է Կիպրոսի թուրքերի անջատողական կազմավորումն օրինականացնելու փորձերը և ճանաչում է միայն Կիպրոսի Հանրապետությունը»,- ընդգծել է Բորելը։
Հուլիսի 1-ին ԵՄ Խորհրդում սկսվել էր Հունգարիայի վեցամսյա նախագահությունը։ Հաջորդ օրն Օրբանը 12 տարվա մեջ առաջին անգամ այցելել էր Կիև, որտեղ հանդիպել էր նախագահի՝ Վլադիմիր Զելենսկու հետ։ Հուլիսի 5-ին Հունգարիայի վարչապետը մեկնել էր ՌԴ, որտեղ հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։