Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի նոր կինոնկարի՝ «Յոթ քողը» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 7-ին Երևանում մեկնարկել է 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Փառատոնն առանձնահատուկ անդրադարձել է Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:
Ի պատիվ Սերգեյ Փարաջանովի՝ «Ոսկե ծիրան» փառատոնում սահմանվել է նրա անվան մրցանակ, որը շնորհվել է փառատոնի աստղային հյուրին` կրկնակի օսկարակիր Քեվին Սփեյսին և հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյանին` կինոյի զարգացման ասպարեզում ունեցած ավանդի համար։
Փառատոնի բացումն ազդարարած Ատոմ Էգոյանի «Յոթ քողը» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում, Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի պատկերային վերաիմաստավորումն է։ Ֆլմում Ամանդա Սեյֆրիդը մարմնավորում է թատերական ռեժիսորին, որը ջանում է կյանքի կոչել Սալոմեի աստվածաշնչյան պատմության սեփական մեկնությունը։
Ֆիլմը կցուցադրվի նաև փառատոնի ընթացքում՝ որպես «Երևանյան պրեմիերա»։ Փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 14-ը՝ մրցութային և ոչ մրցութային ֆիլմերի ցուցադրությամբ։
Կարդացեք նաև Armenia Today-ի նյութը՝ Արցախյան պատերազմների արձագանքը, անհայտ Իրան և սյուրռեալիզմ. ի՞նչ դիտել «Ոսկե ծիրանին»։