ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թիմը բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար՝ ապահովելու Բայդենի «քաղաքական երկարակեցությունը» և ցրելու նրա անգործունակության մասին խոսակցությունները, գրել է Washington Examiner-ը։
«Բայդենի երեք օգնականն էլ թաքցնում են նրա թուլությունը՝ սեփական իշխանությունը բարձրացնելու համար։ Բոլոր երեք պաշտոնյաների աշխատանքի հեռանկարները կախված են Բայդենի քաղաքական երկարակեցությունից, և նրանք հույս ունեն, որ խաղաղության համաձայնագիրը կարող է փոխել խոսակցությունը նրա իրավասության մասին:
Ամերիկյան քաղաքական գործիչները հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ կարող են ճնշում գործադրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա, նշել է պարբերականը։ Հոդվածի հեղինակ, American Enterprise Institute (AEI) անդամ Մայքլ Ռուբինը նախազգուշացրել է, որ Ալիևը «կհետաձգի և կսպասի ԱՄՆ ընտրություններին»՝ նախքան համաձայնությունը ստորագրելը։
Ըստ Ռուբինի՝ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկատմամբ նրանց անտարբերությունը ավելի քիչ հավանական են դարձրել Երևանի և Բաքվի միջև տևական խաղաղությունը, քանի որ նրանք կորցրել են իրենց «բարոյական գերազանցությունը»:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է, բայց դրա գինը չի կարող լինել էթնիկ զտումը։ Ալիևի հանցագործությունների արդարացումը ոչ նուրբ դիվանագիտություն է, ոչ էլ խաղաղության ճանապարհ։ Ավելի շուտ՝ դա ավելի է խորացնում հումանիտար ողբերգությունը, որի գինն արյունով կվճարի նոր սերունդը»,- գրել է վերլուծաբանը։
Հեղինակն Արցախն անվանել է «ժողովրդավարության ինկուբատոր» Հարավային Կովկասում և հիշեցրել, որ Խորհրդային Միության փլուզմանը հանգեցրած ժողովրդավարական շարժումն սկսվել է 1988 թվականին՝ Ստեփանակերտում։
«Ադրբեջանական բանակի նահանջով՝ Լեռնային Ղարաբաղը գրեթե երեք տասնամյակ վայելել է իրական խորհրդարանական ժողովրդավարություն մի տարածաշրջանում, որտեղ ժողովրդավարությունը, առնվազն մինչև 2018 թվականը, բացակայում էր կամ անցողիկ էր»,- ավելացրել է վերլուծաբանը:
Արցախի խորհրդարանի շենքը քանդելու հրամանն ապացուցում է Ալիևի թշնամությունը ժողովրդավարության նկատմամբ, կարծում է Ռուբինը։
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա Բայդենի անհաջող ելույթից հետո Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները սկսել էին խոսել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում նրան փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին։
Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը և նվիրված կլինի դաշինքի 75-ամյակին։ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի խոսքով՝ գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարը միջոցառում կկազմակերպի ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի համար։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը հունիսի 28-ին Armenia Today-ին ասել էր, որ Երևանը հաստատել է իր մասնակցությունը գագաթնաժողովին։