ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խոսել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նկատմամբ իր վերաբերմունքի, ինչպես նաև 2018 թվականի իրադարձությունների մասին։
Նա նշել է, որ քաղաքական գործիչները պետք է ներքաղաքական պայքարը տանեն, բայց, եթե նրանք չկան, դա կարող է անել հոգևորականը։
«Ես ոչ ողջունում, ոչ էլ քննադատում եմ։ Ես կարծում եմ, որ հոգևորականը նույնպես այս երկրի քաղաքացին է, իր խոսքն ունի ասելու»,- շարժման մասին հայտարարել է նա՝ նշելով, որ իրեն չեն հետաքրքրում ներքաղաքական գործընթացները։
Գասպարյանի կարծիքով՝ հնարավոր էր ճնշել 2018թ․ իրադարձությունները։ Նախկին ոստիկանապետը նաև հայտարարել է, որ ինքն է հրահանգել չկրակել Նիկոլ Փաշինյանի (վարչապետ, 2018 թ․ ցույցների ժամանակ ընդդիմադիր «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ- խմբ․) գլխավորած ցուցարարների վրա, ովքեր 2018 թվականի ապրիլին մտել էին ռադիոտան շենք։ «Ես եմ ասել հանկարծ չկրակեք ու ճիշտ եմ արել։ Չեմ կարծում, որ ռադիոտուն մտնելու համար պետք է մարդ սպանել»,- նշել է նա։
Նա նաև հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը անօրինական հրամաններ չի տվել։
Բացի այդ, Գասպարյանը հայտարարել է, որ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը դավաճանել է ոստիկանական համակարգին։ «Պարոն Օսիպյանը ոնց դավաճանեց համակարգին, այնպես էլ դավաճանեց այն մարդուն, ով իրեն ոստիկանապետ նշանակեց և գեներալի կոչում տվեց։ Հիմա էլ փորձում է ընդդիմություն խաղալ։ Մարդկանց տեսակն է այդպիսին»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Օսիպյանը համակարգին դավաճանել է սկսած 2016թ. «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության գնդի գրավումից։ «Վախկոտությունը գերության հետ ոչ մի կապ չունի»,- ավելացրել է նախկին ոստիկանապետը՝ արձագանքելով Օսիպյանի գերության մասին հարցին։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը մայիսի 7-ին հայտնել էր, որ հանրային մեղադրողը պահանջում է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման։
2023 թվականի հուլիսին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր՝ շուրջ 2 մլրդ դրամի գույք։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել էին Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս: