Իրավապահներն Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի «Պարադիս» ռեստորանային համալիրի հարևանությամբ հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք, հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանների բացատրական աշխատանքներից հետո անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ ինքն Արցախյան պատերազմի մասնակից է ու այնտեղից բերված զենք-զինամթերքը թողնում է «Պարադիս» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող քանդված շինության տարածքում։
«Դեպքի վայր մեկնած ոստիկանները քաղաքացու նշած վայրում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք, այդ թվում՝ ինքնաձիգներ, ատրճանակներ, պայթուցիկներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ զենք ու զինամթերք»,- հայտնում է կայքը։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։