Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում Կինոյի տանը կբացվի «Կորսված ետնաբեմ» ֆոտոցուցահանդեսը, հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։
Ցուցահանդեսի ընթացքում կցուցադրվեն Ելենա Կարուսաարի լուսանկարները՝ արված Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբ» ֆիլմի ետնաբեմից։ 1988 թվականին թողարկված «Աշուղ Ղարիբը» վարպետի վերջին ավարտուն աշխատանքն էր 1990 թվականի հուլիսին՝ մահից առաջ։
Ֆիլմը նկարահանվել է ռուս պոետ Միխայիլ Լերմոնտովի համանուն պատմվածքի մոտիվներով, որն էլ հիմնված էր թյուրքական հայտնի դաստանի վրա։
«Փարաջանովյան անկրկնելի ոճով, բայցև սովորականից ավելի կատակերգական երանգներով ստեղծված այս ֆիլմն էկրանին վերակենդանացնում է ուշ Միջնադարի Արևելքը՝ ներկայացնելով սիրելի կնոջ հետ միավորվել ձգտող աշուղի պատմությունը»,- նշվում է ցուցահանդեսի նկարագրության մեջ։
Կազմակերպիչները հայտնում են, որ լուսանկարները մի քանի տարի առաջ գտնվել են Սանկտ Պետերբուրգի փողոցային աղբամաններից մեկում՝ մի արկղի մեջ, բոլորը հատ-հատ ծրարավորած, ստորագրված ու դասավորված։ Սև ու սպիտակ տպագրությունները, որոնք Կարուսաարն արել է՝ ֆիլմը վարձույթում գովազդելու ու առաջխաղացնելու համար, փոխանցում են նկարահանումներին տիրող մթնոլորտն ու խորասուզում առարկաների, կտորների և հյուսվածքների զարմանալի աշխարհ:
Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ ժամը 18:00-ին «Ռամբալկոշե» ժամանակակից արվեստի թանգարանում։
Երևանում հուլիսի 8-ին մեկնարկել էր 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը։ Ի պատիվ Սերգեյ Փարաջանովի՝ «Ոսկե ծիրան» փառատոնում սահմանվել էր նրա անվան մրցանակ, որը շնորհվել էր փառատոնի աստղային հյուրին` կրկնակի օսկարակիր Քեվին Սփեյսիին և հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյանին` կինոյի զարգացման ասպարեզում ունեցած ավանդի համար։
Ընթերցեք նաև փառատոնի ծրագրի վերաբերյալ Armenia Today-ի նյութը՝ Արցախյան պատերազմների արձագանքը, անհայտ Իրան և սյուրռեալիզմ. ի՞նչ դիտել «Ոսկե ծիրանին»։