Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:
Վարչապետն Իրանի նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և արդյունավետ պաշտոնավարում մաղթել: Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել։
«Զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հուլիսի 6-ին Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ էր հղել Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով։ Փաշինյանը համոզմունք էր հայտնել, որ երկու երկրների կառավարությունների համատեղ ջանքերի շնորհիվ կյանքի կկոչվեն Հայաստանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև համատեղ ուժերով ձեռնամուխ կլինեն մի շարք նոր ծրագրերի։