«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը հերքել է այն հրապարակումը, թե հայկական երկու արբանյակներ խոչընդոտել են այլ պետությունների արբանյակների աշխատանքը։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ նա ընդգծել է, որ ՀՀ արբանյակների կողմից շահագործվող ռադիոհաճախությունները որևէ խանգարում չեն ստեղծել այլ պետությունների գործող արբանյակների և արբանայակային ցանցերի ռադիոհաճախականությունների համար։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն որևէ պետության կողմից գրավոր կամ բանավոր բողոք երբևիցե չի ստացել:
«Խանգարումների մասին խոսելիս՝ հարկ է նշել, որ դրանք, նախևառաջ, հարկավոր է արձանագրել տիեզերական մշտադիտարկման համապատասխան համակարգերով և տեխնիկապես հիմնավորել խանգարման առաջացման փաստն ու աղբյուրը։ Ներկա դրությամբ՝ ՀՀ տարածքից և ՀՀ արբանյակներից արբանյակային ցանցերի ռադիոհաճախությունների խանգարման որևէ դեպքի հաստատման նախադեպ չենք ունեցել»,- ասել է Հարությունյանը։
Նա հավելել է, որ ՊՈԱԿ-ի գործառույթների շրջանակում համագործակցել են թե΄ «Գեոկոսմոս» ընկերության, թե΄ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամի հետ՝ «Արմսաթ1» և «Հայասաթ-1» արբանյակները Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) տեղեկատվական շտեմարանում ներառելու համար։ ՊՈԱԿ-ի փոխտնօրենի խոսքով՝ հայտերում ներառված են բազմաթիվ տեխնիկական տվյալներ և վերլուծություններ, որոնք հաշվի են առնվում արբանյակի թողարկման ժամանակ: Հայտերը պատրաստ լինելուց հետո ՀՄՄ կողմից մշակված համապատասխան ծրագրային ապահովումով իրականացվել են նշված հայտերի փորձաքննություններ, որից հետո միայն նրանք ուղարկվել են ՀՄՄ:
Նա նաև պարզաբանել է, որ արբանյակների հայտերի թողարկումից հետո բոլոր շահագրգիռ պետություններն իրենց մեկնաբանություններն են ուղարկել ՀՄՄ՝ հետագայում արբանյակների հետ կապված համակարգման աշխատանքներ իրականացնելու համար:
«ՀՀ արբանյակների վերաբերյալ ներկայացված տեղեկատվության շրջանակում ՀՄՄ անդամ երկրներից ստացվել են որոշ մեկնաբանություններ՝ հետագա հնարավոր խնդիրները, խանգարումները բացառելու նպատակով։ ՀՄՄ անդամ երկրների հետ նման ընթացակարգային հաղորդակցությունն աշխատանքային բնականոն գործընթաց է, որը շարունակական բնույթ է կրում»,- ընդգծել է Հարությունյանը։
Նա հավելել է, որ հայկական կողմը նույնպես ուսումնասիրում է նոր հրապարակված տեղեկատվությունն այլ արբնայակների վերաբերյալ և հարկ եղած դեպքում իր մեկնաբանություններն ու դիտողությունները ներկայացնում այլ երկրներին:
«Ժողովուրդ» թերթը, հղում անելով մասնագետներին, հայտնել էր, որ «Արմսաթ-1» և «Հայասաթ-1» արբանյակները գործարկումից հետո խոչընդոտել են այլ երկրների արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի աշխատանքը։ Հրապարակման համաձայն՝ տարբեր երկրների կառավարություններ նամակներ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով ուղեծրից իջեցնել արբանյակները։ Ենթադրվում է, որ ծագած խնդիրների պատճառով հուլիսի 3-ին հրաժարական էր տվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը, ով համակարգել էր կապի և տիեզերական գործունեությունը։
«Հայասաթ-1»-ը տիեզերք էր արձակվել 2023թ․ դեկտեմբերի 1-ին՝ ամերիկյան SpaceX ընկերության հրթիռով։ 2022 թվականի մայիսին տիեզերք էր արձակվել հայկական առաջին արբանյակը՝ «Արմսաթ-1»-ը։ Այն արձակվել էր ԱՄՆ-ում՝ Կանավերալ հրվանդանի արձակման վայրից՝ SpaceX նավի վրա։