Իշխանությունները որոշել են դպրոցում «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն»։ Կառավարությունն այս որոշումն ընդունել է հուլիսի 11-ին կայացած նիստում։
Նախագծի հիմնավորմամբ՝ պետական կրթական ծրագրի 33-րդ կետում նշվում է Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մասին՝ որպես «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառի առարկա, սակայն առարկայի ներկայիս անվանումը չի ներառում կամ հստակ չի ներկայացնում պետականության գաղափարը, ուստի «Հայաստանի» բառն անհրաժեշտ է ամրագրել 35-րդ կետում՝ առարկայի անվամբ շեշտադրելով պետականության, դրա կարևորման գաղափարը սովորողների մոտ ամրապնդելու, պետականության ընկալումը սերմանելու նպատակով:
«Առարկան անվանելով տվյալ երկրի պատմություն՝ ինստիտուցիոնալ մոտեցում ենք ցուցաբերում տվյալ առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը՝ պատմությունը ներկայացնելով իբրև այդ երկրի հավաքական ու կազմակերպված հանրության հանդես գալու պատմություն»,- նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ պատմության դասավանդումը պետք է առաջին հերթին ուղղված լինի պատմական իրադարձությունները ժամանակակից Հայաստանի տեսանկյունից վերլուծելուն ու ներկայացնելուն։
«Պետք է նշեմ, որ խոսքը գնում է ոչ թե առարկայի բովանդակության փոփոխության, այլև առարկայի բովանդակության ներկայացման մասին»,- ասել է Անդրեասյանը։
Հունվարի 22-ին ԿԳՄՍ նախարարությունն առաջարկել էր փոխել «Հայ ժողովրդի պատմություն» դպրոցական առարկայի անվանումը։