Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կար 2023թ․ սեպտեմբերյան պատերազմի զոհերի աճյունների տեղափոխման հետ կապված, հայտարարել է Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Դրանք հիմնականում սեպտեմբերի 19-ի և 20-ի զոհերն են, որոնց չեն էլ հասցրել նորմալ հուղարկավորել։ Բազմաթիվ խոստումներ են տրվել,Ադրբեջանի հետ կարծես նույնիսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել և հենց այն օրը, որ պիտի մեկնեին այդ գործողությունն իրականացնելու, Ադրբեջանը հետ է կանգնել և որերորդ անգամ չի պահել պայմանավորվածությունը»,- ասել է Հակոբյանը։
Նա նշել է, որ տվյալ պարագայում հաղթելու կամ պարտվելու խնդիր չկա, ընդամենը մոր սիրտը փարատելու համար իր որդու մասունքների արտաշիրիմում պետք է կատարվի, բայց այստեղ ևս Ադրբեջանն իր դերի ու կեցվածքի մեջ է։
«Ադրբեջանը ցինիկ, լկտի պահվածք ունի բոլոր առումներով։ Իրեն տրվել է այդ հնարավորությունը, ինքն այն ամեն պահ օգտագործում է և ցույց է տալիս իր տեր ու տիրական լինելը։ Ամեն անգամ ցույց է տալիս, որ իր կամքից է կախված ցանկացած մանր հարցի կարգավորում»,- ասել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորը։
Իսկ Հայաստանի իշխանությունները, ըստ նրա, ամենաթոքր հարցերը, որոնք իրենցից ուժի ցուցադրություն չեն պահանջում, ի զորու չեն կարգավորելու։
Այսօր՝ հուլիսի 11-ին, Արցախում ամփոփված հերոսների մարմինների հարցով հարազատները բողոքի ակցիա էին իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց հարազատների մասունքների արտաշիրիմում։
Հակոբյանը նաև անդրադարձել է որոշ արցախցիների ՀՀ կառավարության աջակցությունից զրկելու հարցին։
«Մարդիկ առանց իրազեկվելու 40+10 աջակցությունը չեն ստացել, հետո պարզվել է, որ 2022թ․ փետրվարի 17-ի որոշման համաձայն այդ մարդիկ ինչ-որ սերտիֆիկատների շահառու են, որի մասին տեղյակ չէին»,- նշել է պատգամավորը։
Նա հավելել է, որ տարբեր պաշտոնյաների հետ փորձել է հարցը ճշտել, «բայց նրանք շատ վստահ տեղեկացրել են, որ շահառուները տեղյակ են եղել»։
Պատգամավորը նաև շեշտել է, որ Արցախի հայաթափումից հետո անցած 9 ամիսների ընթացքում ոչ մի խնդիր չի լուծվել, և «յուրաքանչյուր բացվող օր բերում է նոր խնդիրներ՝ արդեն իսկ անհնարին թվացող լուծումներով»։