Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը` հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում, հայտնել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։
Էրդողանը Մակրոնի հետ հանդիպել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, որտեղ նա գտնվում էր ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ նրանք քննարկել են նաև երկրների հարաբերությունները, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը, Իսրայելի հարձակումները Պաղեստինի վրա, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Էրդողանն ընդգծել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդման կարևորությունը բոլոր ոլորտներում։ Նրա խոսքով՝ արևմտյան երկրների կողմից Իսրայելի զինադադարի խրախուսումը կնպաստի տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը։ Թուրքիայի նախագահը Ֆրանսիային կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։