Հիմքեր կան ենթադրելու, որ Արևմուտքը Հայաստանում հետախուզություն է իրականացնում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանի հարևան բոլոր պետությունների վերաբերյալ, հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք բացասաբար ենք գնահատում ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում, ինչի մասին բազմիցս ասվել է»,- հիշեցրել է նա։
Գալուզինի խոսքով՝ «Եվրամիության խնդիրն ակնհայտ է և տարածաշրջանում ոտք դնելու փորձ է՝ ի վնաս հարավկովկասյան պետությունների ավանդական գործընկերների և հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի շահերի»։
2023 թվականի փետրվարի 20-ին Եվրամիությունը Միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում մեկնարկել էր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում (EUMA)։
2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն որոշել էր Հայաստանում իր դիտորդների թիվը 138-ից հասցնել 209-ի: 2024 թվականի մարտին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։
Ապրիլի 16-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մեկնարկի մասին։