ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձագանքել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի խոսքերին ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումից Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման ռիսկերի և ԵՄ դիտորդական առաքելության կողմից ռուսական օբյեկտների վերաբերյալ հնարավոր հետախուզական տվյալների հավաքագրման մասին։
«Թույլ տվեք չմեկնաբանել այդ հայտարարությունները։ Հայաստանին և ՀՀ անվտանգության համակարգին վերաբերող բոլոր հարցերը լուծվում են Հայաստանի իշխանությունների որոշումներով։ Եվ ես կարծում եմ, որ այն բոլոր որոշումները, որոնք կայացվում են, բխում են ՀՀ անվտանգության շահերից»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արշակյանը։
Նա վստահեցրել է, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների բոլոր քննարկումները թափանցիկ են։
«Երևանը Մոսկվայից ակնկալում է կուտակված մի շարք հարցերի պատասխաններ»,- հավելել է նա։
Գալուզինը հուլիսի 11-ին ասել էր, որ Հայաստանի մասնակցությունը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ծայրահեղ ափսոսանք է առաջացրել Մոսկվայում։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտարարել էր, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կարող է հետախուզություն հավաքել ռուսական օբյեկտների վերաբերյալ։