Հայաստանի իշխանությունները նախատեսում են փոխարինել պետական նպաստների գործող համակարգը և ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ։ Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունել է հուլիսի 11-ի նիստում՝ հավանություն տալով «Պետական նպաստների մասին օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ, որի դեպքում պետությունը գործազուրկներին կառաջարկի աշխատանքի տարբերակներ, իսկ առաջարկվող աշխատանքից հրաժարվելը համարժեք կլինի նպաստներից հրաժարվելուն։
«Նոր համակարգով պարտադիր է դառնում աշխատունակ անձանց ակտիվացումը կամ աշխատանքի անցնելը, այսինքն՝ եթե աշխատունակ, բայց չաշխատող մարդը դիմում է նպաստի համար, մենք դա նախ դիտարկում ենք որպես աշխատանք փնտրելու հայտ և նրան առաջարկում ենք աշխատանք, իսկ եթե աշխատանքի մեր առաջարկը մերժվում է, ապա դիտարկում ենք իբրև նպաստի մերժման հիմք, իսկ համաձայնելու դեպքում՝ օգնում ենք գտնել աշխատանք, որից հետո կտանք նպաստի համակարգում մնալու որոշակի ժամկետ, որպեսզի մարդը կամ այդ ընտանիքը կարողանա սոցիալ-տնտեսական վիճակը կայունացնել»,- մանրամասնել է նախարարը։
Նա հավելել է, որ ՀՀ-ում կա աշխատունակ, բայց չաշխատող շուրջ 30 000 քաղաքացի։ Մկրտչյանի խոսքով՝ նոր համակարգի ներդրումը բխում է կառավարության ստանձնած այն պարտավորություններից, որը ենթադրում է երկրում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու քայլեր ձեռնարկել, խրախուսել անձի սոցիալական, տնտեսական ակտիվությունը՝ սոցիալական կարիքի գնահատման, համաչափ սոցիալական ծառայությունների տրամադրման և աշխատանքի սկզբունքի միջոցով։
Փաթեթները, ըստ Մկրտչյանի, 2022թ․ անցել են հանրային լայն քննարկումներ։ Նախագծով առաջարկվում է գործող ընտանեկան նպաստների փոխարեն ներդնել անապահովության նպաստ և սահմանել, որ դրա իրավունքն ունենա այն ընտանիքը, որի ամսական եկամտի չափը ցածր է անապահովության սահմանային շեմից՝ նվազագույն պարենային զամբյուղի արժեքի կամ ծայրահեղ աղքատության շեմի համեմատ։
«Մարդը կստանա անապահովության նպաստի իրավունք, եթե իր եկամուտները պակաս լինեն նվազագույն պարենային զամբյուղի համեմատ սահմանված շեմից»,- ասել է նախարարը։
Նոր համակարգով, ըստ նախարարի, սահմանվում են աղքատության խորացումը կանխարգելող գործիքներ։ Օրինակ՝ նպաստի դադարեցման սանկցիա է կիրառվելու այն ընտանիքների նկատմամբ, որոնք պարտադիր հանրակրթության տարիքի երեխաներին կզրկեն կրթության իրավունքից կամ եթե ընտանիքն իր անշարժ գույքը գրավադրի։ Մկրտչյանի խոսքով՝ այսպիսով կառավարությունը կզսպի անապահով ընտանիքի անօթևան դառնալու հնարավոր ռիսկը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նաև հայտնել է, որ ծայրահեղ աղքատության աճը կանխարգելելու համար ծառայություններ են տրամադրվելու ստորին աստիճանի անապահով ընտանիքներին։
«Այդ ծառայությունները ներառելու են առողջապահական անվճար կամ զեղչված ծառայություններ, ինչպես նաև կրթական և այլ արտոնություններ»,- ասել է նա։ Այս փոփոխությամբ կառավարությունը նպատակ ունի հասնելու նրան, որ անապահովության հիմքով Հայաստանում չլինի մասնագիտական կրթությունից զրկված երեխա։
Ստորին աստիճանի անապահովների համար, անկախ առաջադիմությունից, ապահովվելու է անվճար կրթության հասանելիություն արհեստագործական մասնագիտական ուսումնական հաստատություններում, իսկ միջին մասնագիտական հաստատություն կամ բուհ ընդունվողների դեպքում տրամադրվելու է ուսման վճարի 30-100 տոկոսի չափով փոխհատուցում՝ կախված առաջադիմությունից։
Մկրտչյանը հայտնել է, որ գործող համակարգը, որոշակի լավարկումների ենթարկվելով, ներդրվել է 1993թ-ից։ Ըստ նրա՝ նոր համակարգը կփորձակեն մարզերից մեկում։ 2021թ․ մինչև միասնական սոցիալական ծառայության ստեղծումը՝ համակարգում ընդգրկված էր 93 000 անապահով ընտանիք, այս տարվա հունիսի տվյալով՝ 63 000 է։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք գործ ունենք տասնամյակներ գործող համակարգի հետ, որը որոշակի վարքագծային տրամաբանություն է ձևավորել, նախատեսված է ընթացակարգային այնպիսի պայմաններ ապահովել, որոնք ակօգնեն սահուն անցնել նոր համակարգին, որը կփորձարկենք մարզերից մեկում մեկ-երկու ամիս տևողությամբ, կիրականացնենք մոնիթորինգ, ըստ անհրաժեշտության շտկումներ կկատարենք, և այն կտարածվի ամբողջ երկրով մեկ»,- հավելել է նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համակարգում կան տարբեր գործակիցներ, որոնք որոշակի պատկեր են տալիս և ընտանիքին աջակցելու են ըստ դրանց։ Վարչապետի կարծիքով՝ աղքատությունը հաղթահարում են աշխատանքով։
«Մենք չենք պատրաստվում կոմֆորտ ստեղծել այն քաղաքացիների համար, որոնք որոշել են աղքատ մնալ, մենք նրանց պետք է խրախուսենք, պետք եղած տեղը ճնշում գործադրենք, որ նրանք քայլ ձեռնարկեն իրենց աղքատությունը հաղթահարելու համար»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ աշխատունակ մարդը պետք է աշխատի։ «Աա աբսուրդ է, ապապետական մտածողություն, որ աշխատունակ մարդուն ինչ-որ մեկը հումանիտար օգնություն պիտի տա»,- ասել է նա։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելացրել է, որ համակարգերն աշխատելու են ավտոմատացված եղանակով, և տվյալները թվայնացված են լինելու։
«Թվային շտեմարանները շատ կարևոր են, մեզ համար շատ տարօրինակ կլինի, որ նպաստ ստացող ընտանիքի անդամը վարկ ստանա, դա կնշանակի, որ ինչ-որ մի տեղ շինծու իրավիճակ է։ Որևէ բացատրություն չունի, որ նպաստ ստացող ընտանիքի հայրը հիփոթեքային վարկ է ստանում»,- ասել է Գրիգորյանը։