Հուլիսի 12-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագետները այցելել են հիմնադրամ, ծանոթացել ավարտված, իրականացվող և իրականացման փուլում գտնվող ծրագրերին, հայտնում է հիմնադրամի պաշտոնական կայքը։
«Օգնիր մարդուն ոտքի կանգնել, իսկ կանգուն մնալը՝ թող իր սեփական ոտքերին». «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հավատարիմ է այս փիլիսոփայությանը և այս եզակի մարդասիրական առաքելությանը։ Հիմնադրամը կենտրոնացած է Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման վրա, որպեսզի յուրաքանչյուր անհատ դառնա ինքնաբավ և ունենա արժանապատիվ կյանք, ինչը դրական մեծ ազդեցություն կունենա»,- շեշտել է Հակոբյանը:
Հիմնադրամի գործադրած ջանքերը բազմապատկելու գործում դիվանագետները կարող են կարևոր դեր ստանձնել, ասել է Աննա Հակոբյանը՝ ընդգծելով, որ դեսպանների ազդեցությունը կարող է օգնել ձևավորել այնպիսի քաղաքականություն, որը խթանում է ներառականությունը, մատչելիությունը և խոցելի համայնքների ու խմբերի իրավունքները՝ ապահովելով կայուն և համակարգային փոփոխություններ:
«Բարեգործության միջոցով մենք կարող ենք համատեղել մեր ռեսուրսները, փորձը և էներգիան՝ մարտահրավերներին դիմակայելու համար: Մարդկանց ծառայելու այս գործում մենք ոչ միայն գտնում ենք ուրիշների կյանքի որակը բարելավելու ճանապարհ, այլ նաև հարստացնում ենք մեր սեփական կյանքը և կառուցում ենք ավելի կարեկից հասարակություն»,- նշել է Հակոբյանը:
«Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը հյուրերին ներկայացրել է իրականացվող՝ «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական, «Հորիզոններ» դուալ կրթական, «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրերը և «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնությունը, որի արդյունքում 42 սկսնակ կին գործարար արդեն ստացել է 1-ական մլն դրամ ֆինանսական աջակցություն:
Շնորհանդեսից հետո դիվանագետները անմիջական զրույցներ են ունեցել Աննա Հակոբյանի, հիմնադրամի փոխտնօրենների, ծրագրերի ղեկավարների հետ, ավելի մանրամասն ծանոթացել ընթացիկ ծրագրերին: Միջոցառմանը ներկա էին Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների 15 երկրների դեպաններ ու դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: