Հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, «Արմենպրես»-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, պատժվում է տուգանքով, հանրային աշխատանքներով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով)։
ՀՀ ՆԳՆ-ն հայտնել էր, որ օտարերկրյա քաղաքացին հաղորդում է տվել, որ հուլիսի 11-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Մեղրիի սահմանակետի հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիում մեքենաների հերթի հետ կապված վիճաբանել է նշված ավտոկայանատեղիի աշխատակցի հետ, որը բռունցքով երկու անգամ հարվածել է բողոք ներկայացնող քաղաքացու դեմքին։
Ավելի վաղ Հայաստանի սահմանին իրանցի վարորդին ծեծի ենթարկելու մասին լուրերը մեկնաբանել էր Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը իրանական Narsnews-ին՝ նշելով, որ իրանցի վարորդի վիճակը լավ է և նրան դուրս են գրել հիվանդանոցից։
Նա հայտնել էր, որ անձամբ է այցելել դեպքի վայր և հանդիպել է տեղական ոստիկանությանը, որպեսզի ներկայացնի իրենց բողոքը: Վարամինը նշել էր, որ դեպքի մեղավորն անցնում է հարցաքննության փուլով:
«Ընդգծելով Նորդուզ սահմանային անցակետի տնտեսական և ռազմավարական կարևորությունը՝ հյուպատոսը նշել է, որ այս տարվա մարտ-մայիս ամիսներին նկատվել է արտահանման և տարանցման բեռների 60% աճ, ինչը կարող է որոշ մարդկանց չգոհացնել և մղել նման դեպքերի ու կողմնակի իրադարձությունների ստեղծմանը»,- հյուպատոսի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը: