Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հանդիպել է այցով Ադրբեջանում գտնվող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: Հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բայրամովը խոսել է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանային իրավիճակի, ինչպես նաև խաղաղության հաստատման օրակարգի, ընթացիկ սպառնալիքների և մարտահրավերների մասին:
Նշվել է, որ Հայաստանի կողմից «ականապատ վտանգը» շարունակում է սպառնալ «ազատագրված» տարածքներ քաղաքացիների վերադարձին, ինչպես նաև իրականացվող լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքներին:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։
«Ընդգծվել է, որ Հայաստանի սահմանադրության մեջ մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունն անընդունելի է։ Նշվել է, որ խաղաղ օրակարգի առաջմղմանն սպառնացող քայլերը, մասնավորապես՝ Հայաստանի աճող ռազմականացումը, շարունակում են մնալ անհանգստության աղբյուր»,- ասված է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հաղորդագրության մեջ։