ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփն իր X (նախկինում՝ Twitter) օգտահաշվում առաջին անգամ մեկնաբանել է ամուսնու՝ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը։
Մելանյան կոչ է արել ավելի շատ մարդասիրություն ցուցաբերել քաղաքական միջավայրում, որն ավելի ու ավելի թունավոր է դառնում:
«Երբ տեսա, որ այդ սարսափելի գնդակը դիպավ ամուսնուս՝ Դոնալդին, հասկացա, որ իմ և Բարոնի (որդու) կյանքը գտնվում են կործանարար փոփոխությունների հավասարակշռության մեջ»,- նշել է Մելանյան:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն եզակի ազգ է։
«Ամերիկան՝ մեր ազնիվ ազգի հյուսվածքը, պատառոտված է, բայց մեր քաջությունն ու ողջախոհությունը պետք է վերածնվեն և մեզ ևս մեկ անգամ միավորեն»,- ասվում է նախկին նախագահի կնոջ հայտարարության մեջ։
Նախկին առաջին տիկինը Թրամփի վրա կրակողին անվանել է «հրեշ», ով իր ամուսնու մեջ տեսնում է միայն «անմարդկային քաղաքական մեքենա»։
«Ամուսնուս կյանքի հիմնական ճշմարտությունները՝ նրա մարդկային կողմը, թաղված էին քաղաքական մեքենայի այս կերպարի տակ։ Դոնալդն առատաձեռն և հոգատար մարդ է, ում հետ ես անցկացրել եմ լավագույն և վատագույն ժամանակներ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նա նաև ընդգծել է, որ տարբեր կարծիքները, քաղաքականությունն ու քաղաքական խաղերը զիջում են սիրուն։
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա կրակել էին հուլիսի 13-ի երեկոյան՝ Փենսիլվանիայում իր նախընտրական ելույթի ժամանակ։ Կրակոցների արդյունքում գնդակներից մեկը դիպել էր Թրամփի ականջին, միջոցառման երկու մասնակից վիրավորվել էր, մեկը՝ զոհվել։
Իրավապահնարի կարծիքով՝ հարձակումն իրականացրել է 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը։ Կասկածյալին սպանել են Գաղտնի ծառայության գործակալները։