Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ պատերազմում ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի անարդյունավետության մասին։
Նա նշել է՝ առաջինն էր, որ քննադատել է ՀԱՊԿ-ին, երբ ղեկավարում էր Պաշտպանության նախարարությունը, կազմակերպության այն ժամանակվա գլխավոր քարտուղարին պատմել է կառույցի անարդյունավետության ու դանդաղության մասին։
«Բայց ես դա արել եմ բացառապես լավագույն մտադրություններով՝ ինչ-որ բան փոխել, խրախուսել բարեփոխումները: Ես ոչ մի դեպքում կոչ չեմ արել դուրս գալ այն կազմակերպությունից, որը գոնե դե յուրե ապահովում է Հայաստանի անվտանգությունը։ Ավելին, այլ կազմակերպություն չկա»,- ասել է Կարարպետյանը։
Նախկին նախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը նա հիշեցրել է, որ հայկական զինված ուժերը մասնակցում են դաշինքի բազմաթիվ խաղաղապահ առաքելությունների, օրինակ՝ դեռևս զորախումբ են ուղարկում Կոսովո, և ինչո՞ւ է նման պայմաններում դաշինքն օգնել Թուրքիային, որը գործում էր Ադրբեջանի հետ համահունչ։
«Գիտե՞ք, թե նա ինչ ասաց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի շատ կարևոր անդամ է, ոչ ոք չի ուզում վիճել նրա հետ։ Պարզվում է, որ մեր երկիրը փորձում է ավելի մոտենալ նրանց, ովքեր գնահատում են մեր ընդդիմախոսների համակրանքը, իմ կարծիքով՝ սովորական տրամաբանությունից դուրս է»,- ասել է Կարապետյանը։
MPG/Gallup International Association-ի կողմից անցկացված հարցման տվյալները վկայել են, որ Հայաստանի քաղաքացիների գրեթե 45%-ը վստահ է, որ երկիրը չպետք է անդամակցի ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ ՆԱՏՕ-ին։