Կառավարությունը հաստատել ու թույլտվություն է տվել Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելուն, այն 99 մետր է լինելու, «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Հիմա ոչ թե 77, այլ 99 մետր է լինելու։ Ամբողջ աշխարհին գոնե հպարտանանք՝ ասելով, որ ամենաառաջին քրիստոնյա ազգն ենք, և Քրիստոսի արձանը որպես մշակութային կենտրոն՝ Հայաստանում է»,- ասել է նա։
Ծառուկյանը հայտնել է, որ մոտակա օրերին բարձրանալու է արձանի վայր, որտեղ հրավիրել է նաև երիտասարդներին։
«Ձեր անունով հիմնաքար կդրվի, ձեր բալիկներին, հարազատներին, բոլորին կարող եք ներկայացնել, որ դուք ներդրում ունեք այդ մշակութային կենտրոնը կառուցելու, աշխարհին ներկայացնելու համար»,- ասել է նա միության ներկայացուցիչներին։
Հիսուսի բարձրադիր արձանը Հայաստանում կանգնեցնելու գաղափարը ՀՀ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանինն է։ Արձանի տեղադրման մասին Հայ Առաքելական եկեղեցին հայտնել էր, որ եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով: 2022 թվականի նոյեմբերին հայտնել էինք, որ «Հատիս» նախաձեռնությունը դիմել է դատարան՝ պահանջելով անօրինական ճանաչել Ակունքի համայնքապետարանի կողմից Հատիս լեռան տարածքի օտարումը։
Armenia Today-ը նաև հարցում էր անցկացրել մայրաքաղաքում հասկանալու համար՝ արդյոք քաղաքացիները տեղյա՞կ են արձանի կառուցման մասին և ի՞նչ վերաբերմունք ունեն։